Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Մեր փոքրիկներին չիր-չամիչ, պնդուկ-մանդարինով չես խաբի

Մեր փոքրիկներին չիր-չամիչ, պնդուկ-մանդարինով չես խաբի
02.01.2014 | 16:43

Տարեցտարի փոխվում են ժամանակները, ժամանակի հետ էլ` մեր սերունդը: Տարիքի հետ փոխվում են նաև նրանց նախասիրությունները, հետաքրքրասիրությունները: Թերևս դա բնական, նորմալ երևույթ է, բայց նրանում շատ մեծ տխրություն կա:

Այսօրվա պես հիշում եմ իմ մանկության Նոր տարին` համեմված մանդարինի, չամիչի, պնդուկի ու ընկույզի համ ու հոտով: Նաև այն` թե ինչպես արթնանալով, բարձի կամ տոնածառի տակ գտնելով չիր-չամիչով ու կոնֆետով լի տոպրակը, երջանկությունից ուղղակի մեռնում էի: Գիտեի, խորապես հավատում էի, որ հենց նա` Ձմեռ պապն է բերել, համբուրել ինձ քնած ժամանակ, հանձնել այդ նվիրական, հեքիաթային տոպրակը և անխոս հեռացել: Ես գիտեի, որ իմ ողջ տարվա երազանքը` Ձմեռ պապի նվեր-տոպրակը, կստանամ միայն այն ժամանակ, երբ քնեմ, իսկ եթե չքնեմ, ապա ոչ մի նվեր էլ չեմ ստանալու: Այդպես ինձ ասել էր մայրս, և եթե ասողը մայրիկս էր, ուրեմն ճիշտ էր, այլ կերպ չէր էլ կարող լինել: Համոզված եմ, նույն զգացողությամբ ու սպասումներով էին նաև իմ հասակակից շատ երեխաներ, որոնք սրանից լավ նվեր երբեք չէին կարող երազել:
Իսկ ինչպիսին են այսօրվա երեխաները, ինչ են սպասում Ձմեռ պապից, և առհասարակ, հավատո՞ւմ են արդյոք նրա գոյությանը, թե՞ ոչ:
Վերջին մեկ-երկու օրերի ընթացքում 5-12 տարեկան երեխաների հետ հարցումներից (իհարկե, ոչ ադիբեկյանական) պարզեցի, որ նրանցից միայն 5-7 տարեկաններն են հավատում Ձմեռ պապի գոյությանը, 8-10 տարեկանները կասկածում են։ Նրանք թեև հավատում են, բայց քանի որ նրանց մեծ քույրերն ու եղբայրները Ձմեռ պապիկի հաշվով ինչ-որ բաներ են փսփսացել իրենց ականջին, դրա համար էլ վերջիններս տարակուսության մեջ են` հավատա՞լ, թե՞ չհավատալ: Իհարկե, նրանք ուզում են հավատալ, շա՛տ են ուզում, բայց չեն կարողանում անտեսել «մեծիկների» հակազդող խոսքուզրույցները: Իսկ, այ, 10-ից բարձր տարիքի երեխաներին արդեն կարելի է «կայացած» համարել այս հարցում: Նրանք ունեն սեփական կարծիքը, դատողությունները, և հակառակը չես համոզի: Թեև վերջիններս վստահ են, որ Ձմեռ պապ չկա, բայց երբեմն խորամանկում են, ձևացնում, թե կա, և նստում ու նամակ են գրում Ձմեռ պապիկին: Փորձվի ու Ձմեռ պապը չբերի նրանց ուզածը, այդ ժամանակ «երեսիդ կտան». «Ըհը, տեսա՞ր, որ Ձմեռ պապ չկա, եթե լիներ, իմ ուզածը կբերեր»: Իսկ նրանց ուզածը խեղճ Ձմեռ պապից մեծամասամբ տեխնիկական իրեր են` համակարգիչներ, այփադներ, վերջին մոդելի բջջային հեռախոսներ և այլն:
Կարճ ասած` այն երանությունը, ներքին հրճվանքն ու բավարարվածությունը չկա նրանց ներսում: Նոր տարին նրանց համար դիտվում է նվերաբաշխման տոն` հյուր գնալու, հյուր ընդունելու, նվերներ ստանալու, համեմատելու, շատ ու քիչ անելու: Այսքանից հետո մնում էր չիր ու չամիչով խաբվեին, պնդուկ-մանդարինի վրա ուրախանային… Բա չէ, զահլա կա:

Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 2230

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ